Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Այդ մասին ասել է նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը, գրում է «Հայկական ժամանակը»։
Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։ Նա նաև հայտնել է, որ որոշումը դեռ չի ստացել:
Իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտնել է, որ ստացել է դատարանի որոշումը, և երեկվանից Ն. Ե.-ն ազատության մեջ է:
Մյուս երեք գերու մասով որոշումները դեռ չեն հրապարակվել:
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։