Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին:
Փաշինյանը նշել է, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:
«Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է վարչապետը:
Պետրոսյանն իր հերթին վստահեցրել է, որ նոր եռանդով, նվիրումով իր ամբողջ ներուժը ներդնելու է Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար:
«Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»,-ասել է նա:
Ռոմանոս Պետրոսյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել դեկտեմբերի 9-ին՝ ազատվելով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
2021թ․ հունվարի 15-ից ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ուլիխանյանը ազատվել է պաշտոնից։






