Ավտոբուսների վարորդները, որոնք հրաժարվել են երթուղի դուրս գալ, քիչ առաջ դադարեցրել են բողոքի ակցիան՝ գտնելով, որ խնդիրներին լուծում է տրվել։
Վարորդներից մեկն ասել է, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ Նրա խոսքով՝ հիմա իրենք պահանջում են 350,000 դրամ, քանի որ 1 կգ խոզի միսը 4000 դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Նա հայտարարել է, որ նախկինում ընդհանուր 350,000 դրամ է ստացել, մինչդեռ այսօր ստանում է 260,000 դրամ։ Վերջինս հայտարարել է, թե դա իրենց գրպանների համար չեն անում, ազգի համար են անում, գրում է «Փաստինֆոն»։
«Մեր պահանջներն են գազի հարցերը, աշխատավարձը, մարդկային պայմանները, վարորդին հարգելը։ Ասում են՝ 260,000 դրամ աշխատավարձ, 14 օր որ ես աշխատեմ, դրանով ընտանիք չեմ կարող պահել։ Հիմա եթե բախտ է լինում, 22 օր աշխատում եմ և ստանում եմ 120 հազար դրամ, գումարած օրական էլ 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն»,-ասել է վարորդներից մեկը։
Վարորդները պահանջում են նաև հիգիենայի պայմանների ապահովում, մասնավորապես, զուգարաններ՝ համապատասխան վերջնակետերում։
Քննարկումներից հետո վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց խնդիրները 99 տոկոսով լուծվել են. «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է»։






