AM
14 Դեկտեմբեր 2021 - 11:17 AMT

Դատախազությունը Քոչարյանի և մյուսների գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկված է Վճռաբեկ դատարան. չեմ կարող ասել՝ ստացել են, թե չէ, բայց վճռաբեկ բողոքն արդեն ստորագրված է», – լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Վերաքննիչը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների։

«Որևէ նոր բան չեմ կարող ասել, ուղղակի համաձայնել է դրանց հետ», – նշել է Բաղդասարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքները և ուժի մեջ է թողել այդ հոդվածով գործը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։