ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանի, և դա բխում է ՀՀ շահերից։
«Խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը», – ասել է Աղաջանյանը, գրում է Aysor.am-ը։
Աղաջանյանն ասել է, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։