AM
15 December 2021 - 06:23 AMT

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում նաև երկկողմ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։