Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես հայտարարել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։
«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։
Դեկտեմբերի 12-ին «Հայկական ժամանակը» հրապարակել է Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները հոդվածը, որըեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ պատերազմի ավարտից հետո Մարությանը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Քոչարյանի հետ:
Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․ պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։
Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»,- գրել է Կարապետյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասել է, որ եթե հանդիպում լիներ, ապա հասարակությունը տեղեկացված կլիներ։
«Հայկական ժամանակի» դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածում ասվում է նաև․ «Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները։ Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»։






