Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 15-ի հանդիպմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված սահմանային բնակչության խնդիրներին:
Թաթոյանը նախագահին է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ ընդգծելով ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:
ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ:






