AM
15 Դեկտեմբեր 2021 - 13:33 AMT

Flyone Armenia-ի Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է․ Ուղևորների տեղափոխումն ապահովվել է

Flyone Armenia ավիաընկերության Երևան-Մոսկվա ուղղությամբ դեկտեմբերի 15-ի և 16-ի չվերթերը չեղարկվել են։

Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսված չվերթերը չեղարկվել են ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով։

Նշվում է, որ ավիաընկերությունն արդեն իսկ ապահովել է նշված չվերթերի բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։

«Մեր աշխատակիցները նշված չվերթերի բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ամբողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։ Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։

Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։