AM
16 Դեկտեմբեր 2021 - 10:39 AMT

Զոհրաբյանը հիշեցրել է՝ Մարությանն է առաջինը սև-սպիտակի բաժանում արել, Աբգարյանը՝ զորակցություն հայտնել նրան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջին մարդը, ով հասարակությունը բաժանեց սևի ու սպիտակի, ու հիմա, երբ այս «հեղափոխության զավակներից մեկը դուրս է եկել իր համար գծված կավճե շրջանակից, նա այլևս սև է, նա այլևս հակահեղափոխական է՝ իր իսկ ստեղծած սև ու սպիտակ իդեոլոգիայի զոհը»։

«Առաջիկա օրերի տոնական մենյուն՝ Հայկ Մարության՝ «Չիլի» կծու սոուսով․․․ Երևանի ավագանին մեկ քվեարկությամբ առաջիկա օրերին գործից հանելու է Հայկ Մարությանին, որովհետև այդպես է որոշել թավշյա կուտոկը։ Չզարմանաք, որ մի X պահի Հայկին նաև քրեական մեղադրանք առաջադրվի, որովհետև սա է այս իշխանության ալգորիթմը։

Ես չեմ ներկայացնում այլևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ իմ ընկերներին կոչ եմ անում դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը։ Ոչ թե այն պատճառով, որ Հայկը լավ քաղաքապետ է, այլ պարզապես չդառնալ ներկլանային ռազբորկաների և հաշվեհարդարների գործիք իշխանության ձեռքին ու չմիանալ դիակապտության ֆինալային ակտին՝ երբ ֆրանկենշտեյնը, տվյալ դեպքում հեղափոխությունը՝ խժռելու է իր զավակին»,-գրել է նա։

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում զորակցություն է հայտնել Մարությանին։

«Հայկ Մարության ջան, հետդ եմ: Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի: Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:

Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում: Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:

Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»,-ասվում է գրառման մեջ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը չի մեկնաբանում՝ ինչու է նման գործընթաց սկսել: Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Հայկ Մարությանը հրաժարական չի տա: