AM
16 Դեկտեմբեր 2021 - 12:07 AMT

Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն ՔՊ ու «Հանրապետության» ինքնաբացարկի հետևանքով

Վեդի խոշորացված համայնքում նոր ընտրություններ տեղի կունենան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը։

«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա որոշումը։ Գնում ենք նոր ընտրությունների։ Ի գործ»,-գրել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները N 13 Տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ, ինչն, ըստ էության, նոր ընտրություններ է պարտադրում։

«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,-ասվում էր թեկնածուների հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: