AM
16 Դեկտեմբեր 2021 - 13:22 AMT

Եղոյան․ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ ՔՊ-ից դուրս գալն է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով Երևանի ավագանու կողմից քաղաքապետի հրաժարականը պահանջելու պատճառներին, ասել է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնական պատճառը նրա՝ կուսակցությունից դուրս գալն է:

Նա նշել է, որ Երևանի ավագանին և քաղաքապետն ընտրվում են քաղաքական ընտրության արդյունքում, ներկայացնում են քաղաքական թիմեր, գրում է «Հայկական ժամանակը»։

«Եվ ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովում չի կարող քաղաքական թիմից դուրս եկած պատգամավորը լինել ԱԺ նախագահ, տեղակալ, հանձնաժողովի նախագահ, նույն տրամաբանությունը գործում է Երևանի ավագանու դեպքում»,- ասել է նա։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Հայկ Մարությանը հրաժարական չի տա: