Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ այդ պաշտոնում առաջադրելով գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքը Հայկ Մարությանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան իր նոր քաղաքական հանգրվանում։
Դաշինքի հայտարարության մեջ ասվու է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը, հաշվի առնելով, որ՝
«1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ
2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում
3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը
4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները
5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը
6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 3 կարևոր բան ունի ասելու։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»,-ասվում է գրառման մեջ:






