AM
22 Դեկտեմբեր 2021 - 12:13 AMT

Հրաչյա Սարգսյանը չի ընդունում քաղաքապետարանում կոռուպցիայի մասին Գալջյանի հայտարարությունը

Երևանի քաղաքապետի նոր թեկնածու, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի ընդունում քաղաքապետարանում կոռուպցիայի մասին ավագանու անդամ Գալջյանի հայտարարությունը չի ընդունում։

Ավագանու անդամ Արմեն Գալջյանն իր ելույթում ասել էր, որ քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ ու ռիսկեր։

Սարգսյանը կարծում է, որ ակնհայտ կոռուպցիոն դեպքեր չկան, եթե կան, ապա դրանցով իրավապահներն են զբաղվում, գրում է «Առավոտը»։

«Կան ասեկոսեներ, բայց քանի իրավապահները չեն հաստատել․․․աղբահանության ոլորտում քրեական գործ կա»,-ասել է նա։

Այն դիտարկմանը, թե այսինքն` ասեկոսեների հիման վրա՞ են Մարությանին մեղադրում, Սարգսյանը կոնկրետ չի պատասխանել։ Նա ասել է, որ կան տարբեր խոսակցություններ, որոնք այս պահին իրավապահները չեն հաստատել։

Գալջյանն իր ելույթում նաև ասել է․ «Համակարգային ձևակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երևույթներ կան, դա անհերքելի փաստ է և մենք՝ որպես ավագանու անդամներ հաճախ նկատել ենք դա ու փորձել ենք բարձրաձայնել»:

Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։