AM
23 Դեկտեմբեր 2021 - 08:22 AMT

Պիպոյանը վայր է դնում ավագանու մանդատը, Գևորգյանը՝ դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը վայր է դրել մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.

1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին

2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:

Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,-ասվում է գրառման մեջ

Խմբակցության մեկ այլ անդամ՝ Վահե Գևորգյանը հայտնել է «Իմ քայլից» դուրս գալու մասին, նա համապատասխան դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,-գրել է նա։

Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նոր քաղաքապետ է դարձել Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։