«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարություն է տարածել Փարաքար համայնքում ավագանու ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցությունն ընտրություններում հավաքել է 49% ձայն՝ ստանալով 10 մանդատ, և իր հաղթանակը պատրաստ է ամրագրել նաև դատական ատյաններում։
Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստին «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վոլոդյա Գրիգորյանը։ Նշվում է նաև, որ ավագանու մյուս անդամների կողմից նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջարդել համայնքի ղեկավարի թեկնածու, ինչը Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի հստակ պահանջ է։
«Արդյունքում Վոլոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել է 10 կողմ, 0 դեմ և համաձայն Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի համաձայն Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։ Այնուհետև, ավագանին անցել է օրակարգի հաջորդ հարցերին և ավարտել առաջին նիստը։
Նիստի ավարտից հետո, որին ներկա էին ավագանու բոլոր անդամները, մյուս երկու ուժերի ավագանու անդամները օրենքի կոպիտ խախտումով՝ գերազանգելով իրենց լիազորությունները, «շարունակել են» նիստը, որտեղ կազմակերպել են «նոր քվեարկություն» և «ընտրել» համայնքի ղեկավար»,-ասվում է հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ ավագանու 11 անդամի կողմից պաշտոնական լիազորությունների անցման հիմքով քրեական գործ հարուցելու հարցով։
«Հատկանշական է, որ ՔՊ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, այդ նոր «ընտրություններում» ստացել է 0 ձայն՝ ունենալով ավագանու 6 անդամ՝ ներառյալ ինքը՝ թեկնածուն։ Դեկտեմբերի 23-ին օրենքի ուժով իրականացվել է Վոլոդյա Գրիգորյանի երդմակալության արարողությունը, որից հետո ոստիկանությունը արգելել է Վալոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք։ Այնուհետև, երդման արարողությանը հրավիրված քաղաքացիները իրականացրել են բողոքի ակցիաներ, որի արդյունքում ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքը։ Մյուս կողմը դիմել է դատարան, վիճարկելով ավագանու նիստի իրավազորությունը, դրանով փաստելով, որ նիստից հետո կազմակերպված նիստը ամբողջովին ապօրինի է եղել և հրաժարվում են իրենց «հաղթանակից»։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու առաջին նիստի ընթացքում, անմիջապես դրանից հետո և մինչև այժմ փորձում է իշխանության թեկնածու Դավիթ Մինասյանի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծումներ տալ և միասնական ուժերով օր առաջ լծվել Փարաքար համայնքը զարգացնելու գործին։ Ցավոք, Դավիթ Մինասյանի կողմից մինչև այժմ չկա որևէ արձագանք։,-ասվում է հայտարարության մեջ։
Ասվում է նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում։
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել համայնքապետարան և որը դրսում է երդվել, երթով անցել է Փարաքարի փողոցներով: Այնուհետև քաղաքացիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Ոստիկանությունը փորձել է ազատել ճանապարհը` սկսել են բերման ենթարկել մարդկանց, քաշքշուկ եղել։ 7 քաղաքացի է բերման ենթարկվել։ Քաղաքացիները շուտով հեռացել են խաչմերուկից և քայլել դեպի համայնքապետարանի շենք։






