AM
24 Դեկտեմբեր 2021 - 08:34 AMT

Մամիկոն Ասլանյանի կոչը Վանաձորի ավագանու անդամներին` մաս չկազմել «ընտրական պրոցեսների ոտնահարմանը»

Կալանավայրում գտնվող, Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը դիմել է Վանաձորի ավագանու նորընտիր անդամներին՝ կոչ անելով մաս չկազմել «ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին»։

«Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։

Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։

Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։ Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու»,-ասվում է կոչում։

Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը դեկտեմբերի 24-ին է կայանալու, որի օրակարգում է նաև համայնքի ղեկավարի ընտրության հարցը։

Ավելի վաղ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն էր հայտարարություն է տարածել՝ պահանջելով ապահովել կալանավորված Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը Վանաձորի ավագանու առաջին նիստին։ Դաշինքը կոչ է արել ավագանու բոլոր անդամներին միանալ հայտարարությանը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել: