AM
24 Դեկտեմբեր 2021 - 08:41 AMT

Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը չի կայացել

Դեկտեմբերի 24-ին նախատեսված Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չի կայացել, տեղեկացնում է Galatv.am-ը։

Նախ, համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցել է դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվել է, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Կալանավայրում գտնվող, Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը դիմել է Վանաձորի ավագանու նորընտիր անդամներին՝ կոչ անելով մաս չկազմել «ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին»։

Ավելի վաղ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն էր հայտարարություն է տարածել՝ պահանջելով ապահովել կալանավորված Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը Վանաձորի ավագանու առաջին նիստին։ Դաշինքը կոչ է արել ավագանու բոլոր անդամներին միանալ հայտարարությանը։