Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված մոտ 1․5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի գերզգայուն ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում։ Այդ մասին ասել է Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Մենք մոտ 1․5 մլն պատվաստման պարագայում ունեցել ենք 6 անաֆիլաքսիա, ոչ մեկ նույնիսկ հիվանդանոցում չի հայտնվել: Եթե տվյալ պահին անմիջապես անհրաժեշտ դեղամիջոցը ներարկվում է, օգնություն է ցուցաբերվում, մոտ 1 ժամվա ընթացքում վիճակը կարգավորվում է և անձը կարող տուն գնալ», – ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում. այն հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն:
ՀՎԿԱԿ-ի իմունկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարականաբանության բաժնի ներկայացուցիչ Պիրիջիտա Սիմոնյանը նշել է, թե անաֆիլաքսիան շատ սուր ու արագ զարգացող պրոցես է:
«Առաջին 40 րոպեում է կյանքի համար վտանգ ներկայացնում, եթե առաջին օգնություն չցուցաբերվի, ամեն ինչ կարող է պատահել: Դրա համար են պացիենտին հորդորում պատվաստումից հետո որոշ ժամանակ մնալ բուժհաստատությունում, որ հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Որքան պրոցեսը երկարում է, այնքան անաֆիլաքսիայի ուժգնությունը մեղմանում է: Նույնիսկ, եթե պացիենտը տանն է, իրեն վատ է զգում, Շտապօնությունը կարող է օգնություն ցույց տալ, կամ ինքը կարող է դիմել բուժհաստատություն», – մանրամասնել է մասնագետը:
ՀՀ բոլոր բուժհաստատություններն ապահովված են պացիենտին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով:
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,379-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 118-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7942 դեպք կա, այլ պատճառով՝ 1498։






