AM
28 Դեկտեմբեր 2021 - 07:33 AMT

Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած մայորը կալանավորվել է

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե-ն կալանավորվել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշումը և կայացնելով Ն. Ե.-ին կալանավորելու որոշում։ Փաստաբան Կարմեն Պողոսյանն ասել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո բողոք կներկայացնի, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։ Նախաքննական մարմինն այլ խափանման միջոց չէր ընտրել, իսկ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մայորին։

Նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր։