ԱԺ նախորդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախի մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փաշինյանը վտանգավոր թեզով հարցականի տակ է դնում և մեծ վնաս հասցնում Արցախի շուրջ ներկա և ապագա բանակցային գործընթացին:
«Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Մի կողմից, թվում է՝ նա կրկին սա ասում է նախկինների դեմ պայքարի հայտնի տրամաբանության շրջանակում, բայց իրականում այս վտանգավոր թեզով նա հարցականի տակ է դնում և մեծ վնաս հասցնում Արցախի շուրջ ներկա և ապագա բանակցային գործընթացին: Ցավոք, դա միանգամյա հնչեցվող թեզ չէր, այժմ Փաշինյանը համառորեն լծվել է դրա «ապացուցմանը», անում է դա՝ կեղծելով ու մանիպուլացնելով բանակցային գործընթացը, արցախյան շարժման իմաստն ու պատմությունը:
Այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանություն–ընդդիմություն կամ ներկա–նախկին պայքարի համատեքստում, սա շատ ավելի վտանգավոր միտում է՝ մեզ փորձում են զրկել Արցախից և այլևս դուրս բերել այդ հարցը օրակարգից՝ համարելով «փակված» և կանխորոշելով Արցախի ապագան: Բոլորս ենք չէ՞ հասկանում, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը նշանակում է կամ արցախահայության բնաջնջում կամ էլ տեղահանում:
Որքան էլ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ գաղտնի պահվեն, դրանց մեծ մասը ժամանակ առ ժամանակ ներկայացվել է հանրությանը: Ցանկացած սուտ և մանիպուլացիա, որն արվում է սեփական անգործությունն ու անկարողությունը արդարացնելու համար, և՛ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով մեծապես վնասում է մեր պետությանը:
Ոչ ոք, այդ թվում՝ գործող, «պողպատյա մանդատով» օժտված իշխանությունը իրավունքի չունի մեր բոլոր սերունդների փոխարեն որոշել և «փակել» Արցախի հիմնահարցը: Նրանց ոչ ոք նման մանդատ չի տվել: Արցախը հայկական պահելու համար բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել, հսկայական ջանք է գործադրվել տասնամյակներ շարունակ, քանի որ գիտակից մարդիկ հասկացել են, որ Արցախը Հայաստանի վահանն է ու թիկունքը: Դա նաև հասկացել են մեր հակառակորդները»,-ասվում է գրառման մեջ:
Հայրապետյանը հավելել է, որ իր համոզմամբ՝ անվերջ զիջումների, հարմարվողականության ճանապարհով գնալով հարցականի տակ ենք դնելու Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը:
Դեկտեմբերի 24-ի իր առցանց հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, որ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես հայկական միավորում, այլ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում, գոնե բնակչության մասով։ Նա հավելել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և «նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։ «Եթե ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց, ԼՂ ադրբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը»,-ասել է նա։






