Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Դեկտեմբերի 27-ին պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ՝ նվազագույն գրավ առաջարկելով 30 մլն դրամը։ Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Լուսինե Ավետյանի ցուցմունքից հետո գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է, հետևաբար, Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոխարինվի գրավով։
Գործով նախաքննության ընթացքում Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը Լուսինե Ավետյանն էր, որը ցուցմունքը տվել է մի քանի անգամ, ընդ որում՝ բավականին հակասական։ Վերջինիս ցուցմունքի հիման վրա Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինս կալանավորվել է, սակայն արդեն դատաքննության՝ ապացույցների հետազոտման փուլում, Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում իր ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար։






