AM
29 Դեկտեմբեր 2021 - 07:46 AMT

Վանեցյանի քրհետապնդումը դադարեցվել է

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այդ մասին հայտնել են նրա պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։

Վարոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է, որ Վանեցյանը մեկ տարի, մեկ ամիս և 10 օր քրեական հետապնդման է ենթարկվել պետական գործչի (վարչապետ Նիկոլ Փաշինյանի) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանքով։

«Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ․․․Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առհասարակ տեղի չի ունեցել»,-ասվում է գրառման մեջ։

Արձագանքելով քննիչի որոշմանը՝ Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր …Այս էժանագին ներկայացումները բեմադրողները չհասկացան ու չեն էլ հասկանա, որ «Ծառայում եմ Հայրենիքին» և «Պատիվ ունեմ» արտահայտությունները բառեր չեն. արժեք են, մտածելակեպ և աշխարհայացք:

Եթե հասկանային, երկիրն այս վիճակում չէր լինի…

Երևի կարելի է ներել, երբ փորձում են հարվածել հեղինակությանդ, ներքաշել ընտանիքդ, մտերիմներիդ: Երևի կարելի է… Բայց երբ հայրենիքդ են կործանում, բարդ է ներելը… Երևի անհնար»։

2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը: «/i»