Մարտի 27-ին Կամերային երաժշտության տանը շախմատային խաղ տեղի ունեցավ հայ արվեստագետների ու շախմատի չեմպիոնների միջեւ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայությամբ հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը միաժամանակ խաղացին հայ թատրոնի եւ երաժշտության ականավոր ներկայացուցիչների հետ:
«Ցավոք, հայ հանրությունը չի կարելի միասնական համարել: Աստված տա, որ մենք մեր շախմատիստներից համախմբվածության եւ հաղթանակին հասնելու գործում միասնության դասեր քաղենք»,-խաղի բացման արարողության ժամանակ հայտարարել է դերասան Սոս Սարգսյանը:
Միաժամանակյա խաղի սեանսին մասնակցել են շուրջ երեսուն ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, որոնք հայ ժամանակակից արվեստի հիմքն են կազմում: Ներկա էին Երվանդ Երզնկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը, Միքայել Պողոսյանը, Արա Երնջակյանը, Վլադիմիր Մսրյանը, Արթուր Ութմազյանը, Կիմ Երիցյանը, Կարեն Դուրգարյանը եւ շատ ուրիշներ: Խաղին մասնակցող միակ կինը Լալա Մնացականյանն էր, որին երբեմն օգնում էր Էլինա Դանիելյանը: Գրան-պրիի առաջին շրջանի վերջին 11-րդ փուլի հաղթող Էլինա Դանիելյանը օգնում էր արվեստագետներին շախմատի օլիմպիադայի երկակի չեմպիոնների հետ խաղում:
Արվեստի շուրջ 30 գործիչներից ոչ ոքի խաղացին միայն վերջերս «Արվեստի երախտավոր» շքանշանով պարգեւատրված դերասան ու ռեժիսոր Սոս Սարգսյանը Գաբրիել Սարգսյանի հետ ու Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, որը խաղում էր Վլադիմիր Հակոբյանի հետ: