Փարաքարի համայնքապետարանում ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է սկսվել, որի հետևանքով ոստիկանը և քաղաքացին ուշաթափվել են, տեղեկացնում է «Փաստինֆոն»
«Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները վաղ առավոտից ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց, որտեղ ավագանու նիստ էր տեղի ունենում:
Քաղաքացիները փորձում էին մտնել համայնքապետարանի շենք, որի դիմաց կուտակված էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ փորձում էին համայնքապետարանից հեռացնել ակցիայի մասնակիցներին:
Իրավիճակը համայնքապետարանում լարված է։
Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:
Դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։






