Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի գործուղմանը Ղազախստան, գրել է, որ Թուրքական պետությունների միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել և կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական ապագա հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու և որ ճանապարհով են մտնելու Ադրբեջան։
«Թյուրքական աշխարհի առանցքային երկիրը, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսները, ըստ թուրքերի, օկուպացրել են նաև Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։
Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաև Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։
Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե՝ չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա՝ թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարևան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։
Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց, ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն ձեռք բերում։ Նաև շատ կարևոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու և որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»,- ասվում է գրառման մեջ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։






