AM
10 January 2022 - 06:26 AMT

ՀՀ-ում «օմիկրոն» շտամով հարուցված Covid-19-ի 2 դեպք կա

Հայաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք, որոնք բերովի են։

Որպես Covid-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «օմիկրոն» շտամը։

Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ Covid-19-ի և դրա շտամերի դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

Սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ: