AM
10 Հունվար 2022 - 08:18 AMT

«Նորք» ինֆեկցիոնի աշխատողները ցույց են անում. ԱՆ-ից ասում են՝ հաստիքացուցակը փոփոխվելու է

Հունվարի 10-ի վաղ առավոտից ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ասել են, որ դեկտեմբերի 30-ին տեղեկացվել են, որ մոտ 80 աշխատակից ազատված է աշխատանքից։

Աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանն ասել է՝ ժողովի ընթացքում հիվանդանոցի իրավաբանն իրենց ասել է, որ դիմումը գրեն, թե՝ ոչ, միևնույն է՝ ազատված են աշխատանքից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Աշխատակիցը նշել է, թե տնօրենին չեն ճանաչում, չգիտեն՝ ում դիմել։

Առողջապահության նախարարությունը, արձագանքելով բողոքի ցույցին, հայտարարել է, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում:

«Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։

Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ։