AM
11 Հունվար 2022 - 09:05 AMT

Աբրահամյան․ Արցախում 1 օրում ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել

Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին մարտական այն դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և քաղաքացիական 4 անձի ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։

Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։

«Այս երեք միջադեպերն արձանագրվել են հունվարի 10-ին, և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի, դրանց բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։

Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել են և, կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»,-գրել է նա։