Մահացել է անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Նա ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
1994-1996 թթ.Դավոյանն ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ, 1999-2003 թթ. եղել է ՀՀ նախագահի խորհրդական, 2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն: 2007-2018 թթ. եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:
1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972-ին առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։ 1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։
Ռազմիկ Դավոյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։