ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ՔՊ-ին։
Քննարկման սկզբում հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը:
«2021-ի դեկտեմբերի 7-ի նիստում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում։ Այս դեպքում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ԱԺ ամենամեծ խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրին,-ասել է նա։
Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ ՔՊ-ն որոշել է այս պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ թափուր թողնելով այն։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ «Հայաստան» խմբակցությանը հնարավորություն են տալիս գալ, նստել ու ՔՊ-ի հետ քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել Արթուր Ղազինյանի փոխարեն։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, որով եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է։ Ղազինյանը 16 անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ։






