AM
11 Հունվար 2022 - 14:38 AMT

Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները ևս անվճար դասագրքեր կստանան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները ևս կապահովվեն անվճար դասագրքերով։

Նախաձեռնության հեղինակն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Առաջարկում է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Հանրապետությունում այսօր գործում է ոչ պետական 48 դպրոց, որոնց տարրական դասարաններում սովորում է ավելի քան 4000 երեխա: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի է 54,000:

Գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին: