AM
13 Հունվար 2022 - 14:23 AMT

ՀՌՀ-ում հնարավոր չարաշահումների դեպքով քրգործ կա

Հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հնարավոր չարաշահումների, յուրացման դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` պատասխանելով ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառմանը։

«Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրգործն ընդունվել է վարույթ, և նախաքննություն է սկսվել:

«Առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում»,-գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ Դատախազությունը, վստահաբար՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ:

«Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈւՀ-ին և նրա հեղինակությանը: Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել:

«Քրեական գործով վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուպցիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր դեմ արդեն հարուցել են կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ՝ նշելով, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ «չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը։ Նա նշել է, որ գործն ամբողջությամբ պատվիրված ու հնարածին է, և դրանով ամեն գնով ուզում են հասնել իր հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Նա գրել է, որ հրաժարական կտա, սակայն, միայն այդ շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։