AM
14 Հունվար 2022 - 13:41 AMT

ՀՀ ԱԳՆ․ Բաքվի ջարդերով Ադրբեջանի հայաթափումն ավարտին հասցվեց

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով մոտ կես միլիոն հայ դարձավ փախստական:

Նշվում է, որ 32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ:

«Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվել են մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: Բաքվում սպանված հայերի թիվը հնարավոր չէ հստակ որոշել, քանի որ կոտորածների վերաբերյալ գործի հետաքննություն չանցկացվեց: Այդ օրերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում ասվում էր. «Խելագարված ամբոխները սպանեցին առնվազն 25 մարդու Բաքվի հայկական թաղամասում, որը խորհրդային հանրապետության մայրաքաղաք էր: