Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին ստորագրել է Հայաստանի երկաթուղու Մեղրիի և Երասխ-Ադրբեջանի սահման հատվածների վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը։
Խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Դրա կազմում, ղեկավարից բացի, ևս 9 անձ է ներգրավված։
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցման համար կպահանջվի մոտ 200 միլիոն դոլար, իսկ շինարարությունը կտևի մոտ 3 տարի։ Նա նաև նշել է, որ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո:
Նախատեսվում է, որ առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։






