ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին նիստը վարող Հակոբ Արշակյանին ուղղված հարցին, ասել է, որ, կառուցողական մթնոլորտ ասելով՝ նկատի ունեն կառուցողական մթնոլորտ։
«Ուրիշ հարց մնա՞ց, այդ ընթացքում, ոչ, կողքով դեղին «ժիգուլի» չի անցել»,- ասել է նա։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրել է, թե ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը Թուրքիայի ԱԳՆ՝ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ հանդիպման մասին հաղորդագրության մեջ։
«Ի՞նչ գործընթացներ կան, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Որտե՞ղ է ձեռք բերվել բանագնացներ ունենալու պայմանավորվածությունը»,- հարցրել է պատգամավորը։
Հակոբ Արշակյանն, ում ուղղված էր հարցը, ասել է, որ անկախության հաստատումից ի վեր, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել ՀՀ-ի հանդեպ, Հայաստանը միշտ կողմ է եղել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և այդ դիրքերից է հանդես գալիս նաև այժմ։
«Թուրքական կողմը հայտարարել է, որ բանագնաց է նշանակելու։ Եթե խոսակցություն է սկսվում, ինչ որ մեկը պետք է խոսի։ Տեխնիկական հարցեր են։ Մարդ ենք նշանակել, որ խոսի, դա եղել է բաց, հրապարակային: Մենք կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերից»,-ասel 1 Արշակյանը:»։
Ռուբինյանը, միջամտելով, հավելել է, որ դեռ 2021-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ նման գործընթաց կա։
«Հետո թուրքական կողմն ասաց, որ բանագնաց է նշանակելու, մեր ԱԳՆ-ն էլ ասաց, որ ինքն էլ հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ Տեղի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական կողմի օգնությամբ, հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ Իսկ կառուցողական մթնոլորտ ասելով՝ նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Ուրիշ հարց մնա՞ց․․․այդ ընթացքում, ոչ, կողքով դեղին «ժիգուլի» չի անցել»,-ասել է նա։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով հանդիպմանը, հայտարարել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել։






