AM
17 Հունվար 2022 - 09:17 AMT

Օհանյան․ ՀՀ սահմաններից զորքերի հետքաշումը չմտածված էր

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ սահմաններից զորքերը հետ քաշելը չմտածված գործողություն էր։

Նա առաջարկել է ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկել «Սահմանագծման և սահմանզատման հիմնախնդիրների մասին» հայտարարության իրենց նախագիծը՝ նշելով, որ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն անընդունելի է։

Օհանյանն ասել է, որ պետք էր լսումներ կազմակերպել, արտահերթ նիստ անցկացնել, ինչը թույլ կտար նշել այն բոլոր կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։

«Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության, ոչ ոք չի ասում, որ սահմանները հարևանների հետ չպետք է ճշտենք։ Նախապայմանն այն է, որ ստեղծվեն խաղաղության համապատասխան պայմաններ և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումը և սահմանգծումը։ Էլ չեմ ասում, որ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու պայմաններն են»,-ասել է նա։

Օհանյանը նշել է, որ ըստ «Հայաստան» խմբակցության, ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշխանությանը, «Արցախի՝ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշման իր հնարավորությունների վրա մեծ քար կնետվի»։

Քվեարկությամբ հայտարարության նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստի օրակարգում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը չի առնչվում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին: