Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Արմինե Ֆանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Արքեպիսկոպոսի նկատմամբ քրհետապնդում հարուցելուց մոտ երկու տարի անց՝ գործով վարույթը կարճվել է։ Փաստաբանը հայտնել է, որ մինչ այդ միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը, ներկայացրել փաստարկներ, որ մեղադրանքն անհիմն է, որովհետև որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ Սրբազանին վերագրվող որևէ արարք չկար, ամբողջ գործողությունները վերագրվում էին Աշոտ Սուքիասյանին։
Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանը 2017-ին մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտելով 16 տարվա ազատազրկման: Դատավճռից 2 տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է Սուքիասյանի մեղադրանքը և անմեղ ճանաչել՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասով:
«Մենք նաև այլ փաստերի համադրված վերլուծությամբ հիմնավորեցինք, որ չկա ընդհանրապես հանցագործություն և հարուցված քրեական հետապնդումն էլ՝ արհեստածին է։ Թեև այդ փուլում մեր միջնորդությունը գլխավոր դատախազի կողմից մերժվեց, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց՝ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բովանդակությունն ուսումնասիրելու դեպքում հիմնականում նաև մեր փաստարկները կան, որոնք մենք բարձրացրել ենք նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության մեջ »,- նշել է Ֆանյանը։
Արքեպիսկոպոս Կճոյանի անունը դեռևս տարիներ առաջ էր շոշափվում օֆշորային սկանդալի մեջ՝ կապված գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Արքեպիսկոպոս Կճոյանից բացի օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրգործի շրջանակում ոչ արքեպիսկոպոս Կճոյանը, ոչ Տիգրան Սարգսյանը չեն ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով: Գործով մեղադրանք էր առաջադրվել Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանին։ Դատարանը վճռել էր մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:
2020թ. ապրիլի 13-ին Նավասարդ Կճոյանին հրավիրել են ԱԱԾ և մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և խարդախության համար, սակայն ինչպես հետագայում հիմնավորվեց՝ առանց բավարար հիմքերի։






