AM
19 Հունվար 2022 - 08:02 AMT

Դատախազությունը չի հաստատել Գասպարյանի մեղադրականը. Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական է կոչել որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը և համապատասխան ցուցումներով հետ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության։ Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ստացել են դատախազի որոշումը Գասպարյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրգործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր։ Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, 2000-2018 թթ․ Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՊՆ ռազմական ոստիկանությունում և ոստիկանությունում, տարիներ շարունակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենին, դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է ավելի քան 45 մլն դրամ:

Քրգործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թթ․ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: