Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծը։ Կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ՝ 16-ը։
Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով արգելվում են շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով։
Գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը։
Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։