Քաղաքական ենթատեքստով սկանդալների պակաս Եվրատեսիլում չկա: Երգերի ընտրությունից մինչև քվեարկություն, ելույթներ ու գրկախառնություններ: Մրցույթն այնքան են կարևորում ու քննարկում, որ «Եվրատեսիլի գծով փորձագետը» դարձել է մասնագիտացում: Հենց այս փորձագետներն էլ հաստատում են, որ Եվրատեսիլի 800 միլիոնանոց լսարանը վաղուց արդեն երգի տոնին քաղաքական հրավառության ականատես է դառնում:
Երգը զենք դարձրած
Մանկական Եվրատեսիլում Հայաստանի հաղթանակն ու մասնակցի կատարումը սոցցանցերում միանգամից երկրորդ պլան մղվեցին, երբ տարածվեց հայ ու ադրբեջանցի մասնակիցների գրկախառնության կադրերը: Եվրատեսիլում սա արդեն օրինաչափություն է. Ամենափայլուն կոստյումն ու ամենահզոր ձայնն էլ կարող են հայտնվել քաղաքական սկանդալի ստվերում:
2009-ին որոշ ադրբեջանցիներ այնքան էին հավանել Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-Ջան»-ը, որ հայտնվել էին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունում: Հայաստանի օգտին քվեարկած 43 ադրբեջանցու հարցաքննել էին, բացատրություն պահանջել ու ամոթանք տվել: Սա միանգամից հայտնվեց միջազգային լրատվամիջոցների էջերում: Ադրբեջանցի մի տղա պատմում էր, որ իր վրա հոգեբանական ճնշում են գործադրել, մեղադրել անհայրենիք լինելու մեջ և Հայաստանի օգտին քվեարկելը որակել են ազգային անվտանգության հարց:
2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական պատվիրակությունն ասում էր՝ Don’t Deny/Մի Ժխտիր: Որևէ ենթատեքստից խուսափելու համար երգի վերնագիրը փոխվեց: Այս անգամ հայ մասնակիցներն ասում էին Face The Shadow/Առերեսվիր Ստվերին: Մեկ տարի հետո, երբ Իվետան ծածանեց Արցախի դրոշը, Եվրատեսիլի կազմակերպիչները նախ դատապարտեցին դա, հետո հատուկ սահմանեցին, թե որ դրոշներն է կարելի ծածանել:

Արևմուտքի փափուկ ուժը
Եվրատեսիլի քաղաքական բնույթից խոսելիս Հարավային Կովկասով սահմանափակվել պետք չէ: 1956-ին մեկնարկած մրցույթի հիմքում պատերազմի պատճառով պառակտված Եվրոպայի միասնականության վերականգնումն էր: Տասնամյակներ անց երգի Եվրոպական տոնին 40-ից ավելի երկիր է մասնակցում: Մասնակցության նպատակները միշտ չէ, որ Եվրոպայի միասնականությունն են արտացոլում: Երբ Էստոնիան 2001-ին հաղթեց մրցույթը, երկրի վարչապետը հայտարարեց, որ հենց երգի միջոցով էլ Սովետական Միությունից կքայլեն դեպի Եվրոպա:
2008-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստանը փորձեց Մոսկվայում կայանալիք մրցույթին մասնակցել «We Don't Wanna Put In» երգով: Թեև Պուտինի անվան շահարկումն ակնհայտ էր, բայց Վրաստանն հրաժարվեց խմբագրել երգը ու չմասնակցեց մրցույթին: Ի դեպ, 2009-ին Մոսկվայում անցկացված երգի մրցույթն իր մասշտաբներով մինչև այդ կազմակերպված ամենահզոր միջոցառումն էր: Եվրատեսիլն ու դրա ենթատեքստն ուսումնասիրող փորձագետներն ասում են, որ ռուս-վրացական լարվածությունից հետո մրցույթը Եվրոպայում Ռուսաստանի իմիջը շտկելու լավ առիթ էր, որն արժեցավ 30 միլիոն եվրո: Մոսկվայում հյուրերին դիմավորելուց առաջ մայրաքաղաքի փողոցներից 30 հազար փողոցային շուն էին հեռացրել: Անտուններին ու մարմնավաճառներին եվրոպացիների աչքից հեռու էին տարել: Մի խոսքով՝ քաղաքը պատրաստել էին եվրոպական տեսախցիկների համար:
Քվեարկությունը
Ոչ թե ենթադրություններով, այլ տասնյակ տարիների տվյալները վերլուծելով Եվրատեսիլում քվեարկության հստակ միտումներ են առանձնացվել: Սկանդինավյան խումբ, Բալկանյան խումբ, Ռուսաստանին միավորներ շնորհող հետսովետական երկրների խումբ, Թուրքիայի դեմ աշխատող Հունաստան-Կիպրոս տանդեմ և այլն… Քաղաքական առևտուրը միշտ չէ, որ որոշիչ է, բայց Եվրատեսիլյան երգ ու պարի արանքում պետությունները հաճախ փորձում են տեղավորել նաև իրենց քաղաքական շահերը: