Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), hաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տարատեսակ խոսակցությունները, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:
«Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ձեռնարկվում են հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար:
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված Դատալեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ՝ տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում: Նշվում էր, որ Դատալեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան:






