Հավանաբար, կորոնավիրուսը՝ SARS-CoV-2-ը, կդառնա սեզոնային վիրուս, ինչը նշանակում է, որ տարբեր ժամանակահատվածներում լինելու են վարակվածների թվաքանակի նոր պիկեր ու նոր շտամեր, կլինիկական ընթացքի որոշ փոփոխություններ ու նոր պատվաստանյութերի անհրաժեշտություն, որովհետև մեկ տարի առաջ ստեղծված պատվաստանյութերը կորցնելու են իրենց արդյունավետությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։
«Որպեսզի հասկանանք, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պակաս արդյունավետ են դառնում նոր շտամերի, օրինակ՝ օմիկրոնի նկատմամբ, պետք է ծանոթ լինենք հակագենային դրիֆտի և շիֆտի երևույթներին։
Հակագենը վիրուսային այն սպիտակուցն է, որին մեր իմունային համակարգը ճանաչում և ստեղծում է հատուկ հակամարմիններ՝ հակագենին չեզոքացնելու համար։ Վիրուսները, ի տարբերություն մեզ, շատ ավելի արագ են փոխվում։ Փոփոխությունները կարող են լինել մուտացիաների հետևանքով, ինչը տեղի է ունենում աստիճանաբար և պահանջում է որոշակի ժամանակ։ Դա հակագենային դրիֆտն է։
Սակայն, կարող են տեղի ունենալ նաև ավելի արագ ու կտրուկ փոփոխություններ։ Դրա համար անհրաժեշտ է, որ միևնույն օրգանիզմում հայտնվեն վիրուսի երկու տարբեր շտամեր ու իրար մեջ փոխանակեն հակագենի ամբողջական հատվածներ։ Դա էլ հակագենային շիֆտն է։ Երկուսի արդյունքում էլ հակագենի կառուցվածքը փոխվում է, և հակամարմինները, որոնք ստեղծվել էին այդ հակագենի համար, վատ կամ ընդհանրապես չեն փոխազդում նոր հակագենի հետ։
Հիմա, գործող պատվաստանյութերից շատերի հիմքում կորոնավիրուսի սպայկ սպիտակուց/հակագենն է, ընդորում երկու տարի առաջ նկարագրված մայր շտամի սպայկ սպիտակուցը։ Իսկ ժամանակը գնում է, վիրուսը տարածվում ու փոփոխվում։ Բնականաբար, նոր շտամերի սպայկ սպիտակուցի կառուցվածքում կան բավական շատ տարբերություններ։ Օրինակ, երկրորդ նկարի վրա կարող եք տեսնել օմիկրոնի և դելտա շտամերի սպայկերի տարբերությունները, որոնք նշված են կարմիրով։ Ու որքան շատանում են փոփոխությունները, այդքան պակաս արդյունավետ են դառնում պատվաստանյութերը, որոնք ստեղծվել էին մայր շտամի սպայկ սպիտակուցի հիման վրա»,-ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ նույն բանը տեղի է ունենում գրիպի վիրուսի պատվաստանյութերի հետ։
«Ամեն նոր սեզոնի գրիպի վիրուսի շտամերի կամ դրանց վարիանտների հակագենային տարբերությունը նախորդ սեզոնի վիրուսի հակագենի համեմատ այնքան մեծ է լինում, որ նախորդ սեզոնի գրիպի վիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութի արդյունավետությունը չի հասնում նույնիսկ 50%-ին»,-գրել է գիտնականը:
Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով 8951 քաղաքացի է պատվաստվել։ Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,883,413 քաղաքացի։ Առաջին դեղաչափը ստացել է 1,032,249 քաղաքացի, երկրորդը՝ 842,213:






