AM
2 Փետրվար 2022 - 12:34 AMT

Շալենբերգ․ Թուրքիայի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի տարածաշրջանի համար

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Այդպիսի հայտարարություն է արել Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Շալենբերգը։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։