Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` փետրվարի 24-ին կայանալիք հանդիպմանը, ասել է, թե չի կարծում, որ ներկայիս իշխանությունն ունակ է հավասարը հավասարի պես երկխոսելու։ Նրա խոսքով` եթե հայ-թուրքական հարաբերությունները կապում են Արցախի հետ, սահմանի հետ, ապա դա արդեն իսկ նախապայման է։
Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կամ պետք է սիմետրիա ունենանք մեր մոտեցումների հարցում, կամ էլ գնանք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Թուրքիայի հետ հարաբերություններում կա՛մ պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների գնանք և նոտաներ փոխանակենք, մայրաքաղաքներում բացենք դեսպանություններ և այդ հարաբերություններն օգտագործենք բաժանարար հարցերը լուծելու համար, կա՛մ եթե նախապայմաններ են դնում, բոլոր հարցերը պետք է միանգամից սեղանի վրա դնենք»,–նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Թուրքիայի հետ հաշտեցման համար պետք է մի քանի հարցի լուծման հասնել` ճանաչում, մշակութային ժառանգության վերականգնում, հատուցում սեփականության համար, ելք դեպի ծով։
Հովհաննիսյանի կարծիքով` առաջին հերթին կարևոր է երկու երկրների շփումն առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։






