AM
7 Փետրվար 2022 - 14:51 AMT

ԱԺ հանձնաժողովը նվազագույն աշխատավարձը 100,000 դրամ սահմանելու նախագծին բացասական եզրակացություն է տվել

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նվազագույն ամսական աշխատավարձը 100,000 դրամ սահմանելու նախագծին:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Հիմնական զեկուցողն էր պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 68,000 դրամ է։

Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021-ին կազմել է 70,000 դրամ:

Հարակից զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ:

Նա տեղեկացրել է, որ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն գործադիրը մինչև 2026-ը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաև նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է և կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք:

Հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022 թվականի տարեկան ժամանակացույցը: