Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ կարձակվի։ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է Նարեկ Երիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը և նրա նկատմամբ գրավ կիրառել։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Երիմյանի պաշտպանը տեղեկացրել է, որ դատարանը որոշմամբ Երիմյանի նկատմամբ կիրառել է 1,000,000 դրամի չափով գրավը։ Դատարանի դեպոզիտ հաշվին գումարը փոխանցվելուց հետո Երիմյանն ազատ կարձակվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։
Նախաքննական մարմինն այլ խափանման միջոց չէր ընտրել, իսկ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մայորին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, դեկտեմբերի 27-ին բավարարել է դատախազության բողոքը՝ Երիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Նոյեմբերի 16-ին գերեվարված 32 զինծառայողները վերադարձվել են, որոնցից 6-ը որպես մեղադրյալ են ներգրավվել արդեն Հայաստանում։
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր, սակայն վերջինս կալանավորվել էր՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։






