Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
«Տեղի ունեցավ այն, ինչ սպասում էինք։ Որևէ մեկս հույս չուներ, որ դատավորը կունենա քաջություն՝ արդարադատություն իրականացնելու», – լրագրողների հետ զրույցում ասել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, գրում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ դեռ ծանոթ չեն մերժման հիմքերին։ Պաշտպանն ասել է, թե պաշտպանական թիմով կքննարկեն ու կորոշեն՝ բողոքարկել դատարանի որոշումը, թե ոչ։
Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն դրամից ավելի։
Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին:
Քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 8-ին վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ քննարկվում էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը, ասել է, որ ակնհայտ է՝ Առուշանյանը քաղբանտարկյալ է։






