AM
9 February 2022 - 11:21 AMT

ԱԳ փոխնախարար․ 44-օրյա պատերազմին հանգեցրել են մի շարք ապակառուցողական գործընթացներ ԵԱՀԿ տարածքում

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2020-ի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել են ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացներ։

Նա հավելել է, որ Սառը պատերազմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ղևոնդյանն արձանագրել է Եվրոպայում ստեղծված անվտանգության մեխանիզմների անհամապատասխանութունը դրանց գործնական արդյունքներին։ Նա առավել ակնառու օրինակ է համարել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ)։

Փոխնախարարի կարծիքով՝ ԵՍԶՈՒՊ-ն թղթի վրա և ԵՍԶՈՒՊ-ն իրականում միանգամայն տարբեր բաներ են։ Պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում Հայաստանը համոզվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրինակով, նշել է Ղևոնդյանը։

Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Սառը պատերազմից հետո ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում։

«ԵԱՀԿ պետությունների կողմից ընդունված անվտանգության անբաժանելիության հայեցակարգը ներկայումս վիճարկվում է այնպես, ինչպես նախկինում երբեք չի վիճարկվել։ Իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու խոստումն այլևս նույնիսկ ձգտում չի հանդիսանում»,-ասել է դիվանագետը։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։ Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը։