AM
9 Փետրվար 2022 - 12:18 AMT

Փորձագետ․ ՀՀ-ում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացությունն աճել է 2.5 անգամ

Հայաստանում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդությունների թիվն ավելացել է 2.5 անգամ։ Այդ մասին հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա հավելել է, որ այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 207–ի դեպքում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն, որից 72–ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` հիվանդությունների աճը դիտվում է ինչպես պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությամբ, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2.2 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան և 30-64 տարեկան անձանց շրջանում։

«Փետրվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ստացիոնար բուժում է ստանում 456 պացիենտ, 84.8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 պացիենտ կա, որից 57–ը 0-18 տարեկան են»,–նշել է նա։

Գրիպի A տեսակը շատ ավելի շուտ է տարածվում և վիրուսի թիրախում հիմնականում երեխաներն են։ Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին` ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։